Ամսագիր Հուլիս-Օգոստոս 2013 Օրհնեցե՛ք, տեր հայր

04 Հուլիս 2013, 13:30
51 |

Օրհնեցե՛ք, տեր հայր

Նույնիսկ փակ աչքերով հնարավոր չէ նրանց շփոթել. միշտ սևազգեստ, զուսպ ու թավ մորուքով: Նրանք մեր հոգևոր հայրերն են` միշտ ծառայության մեջ, բայց ոչ միշտ գիրք կարդալիս կամ աղոթելիս, ինչպես ընդունված է պատկերացնել. այլ նաև մեքենայի ղեկին, ջազ կամ հաուս լսելիս ու հեռուստացույց դիտելիս,սակայն ոչ երբեք ընտանիքի հոր, այլ միշտ տեր հոր կարգավիճակում:

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան

Առավոտյան արթնանում եմ զարթուցիչի զնգոցից: Բնականաբար, արթնանալ, հարդարվել, եթե դպրոցի օր է, ապա երեխաներիս հետս դպրոց եմ իջեցնում կամ հարևան, ընկեր, բարեկամ, ով այդ ճանապարհով է իջնում` վերցնելով` դեպի եկեղեցի: Եկեղեցում` հերթականությամբ` ըստ օրվա ընթացքի: Լինում են լուռ, դատարկ օրեր, երբ ոչ մի արարողություն չկա: Օրն ավարտվում է երեկոյան ժամերգությամբ: Եթե այդ օրվա պատասխանատուն եմ, մնում եմ մինչև եկեղեցու փակվելը, եթե ոչ, ապա դուրս եմ գալիս և շարունակում ծառայությունս` տնօրհներք, այցելություններ… Երեկոյան, եթե ստացվում է, ընտանիքով սրճարան ենք գնում կամ զբոսանքի: Հետո գնում ենք տուն ու նստում տան հեռուստացույցի դիմաց: Ես հեռախոսս գիշերը չեմ անջատում. բա որ պե՞տք եկա: Պատահում է, որ կեսգիշերին էլ են զանգում` տեր հայր, քո խոսքի կարիքն ունենք: Սա աշխատանք չէ, ծառայություն է, որը չի ավարտվում:

***
Կարծրատիպ կա, որ հոգևորականը միշտ հոնքերը կիտած, խիստ ու անհասանելի է: Ո՜չ: Ես ինչպես որ կյանքում եմ, այնպես էլ եկեղեցում եմ: Անհնար է առանց հումորի, օրս օր չի առանց կատակի: Թերևս իմ պարագայում ինձ հենց այդպես էլ ճանաչում են: Իսկ ինչո՞ւ պետք է տխուր լինեմ, եթե այն կրոնը, որին ծառայում եմ, մարդկանց ուրախություն, հույս, հավիտենական կյանք է պարգևում: Եթե ինչ-որ պատճառով մի օր անտրամադիր եմ լինում, բոլորը զարմանում են` տեր հայր, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք տխուր: Միակ պատճառը, որի համար քրիստոնյան պետք է տխրի՝ իր մեղքն է, այն էլ ոչ անհուսալի կերպով, այլ` ապաշխարելով:

***
Ծառայության ժամանակ կիքսեր միշտ էլ լինում են: Օրինակ, պսակադրության ժամանակ, հարցնում եմ փեսային` տե՞ր ես, փեսա: Ասում է` տե՜ր եմ: Շրջվում եմ հարսին` հնազա՞նդ ես, հարս: Հարսը շատ վճռական պատասխանում է` տե՜ր եմ: Ծիծաղում եմ, փորձում եմ հասկանալ` նա իրո՞ք տեր է ուզում լինել, թե՞ պարզապես շփոթվեց: Պատարագից առաջ խնդրում եմ` բոլորը հեռախոսներն անջատեն, մեկ էլ հենց այդ պահին իմ հեռախոսն է զանգում: Ծիծաղում են, ասում` տեր հա՞յր, քո հեռախոսը չի՞ անջատվում: Կամ, ըստ կարգի` քանի անգամ մտնես եկեղեցի, պետք է խաչակնքվես, իսկ դուրս գալուց, պետք է մեջքով դուրս ելնես: Այնքան է պատահել, որ երեկոյան սուպերմարկետ մտնելիս խաչակնքվել եմ կամ ուզեցել եմ մեջքով դուրս գալ…

***
Պահ է լինում, որ ուզում եմ մենակ մնալ, ցրվել… Նստում եմ մոտակա սրճարանում ու մի գավաթ սուրճ եմ խմում կամ բջջային հեռախոսով խաղեր եմ խաղում: Այնպես չէ, որ երեկոյան տուն եմ գնում ու դադարում եմ քահանա լինելուց: Ո՜չ: Նստած եմ, մեկ էլ ննջարանից երեխաներս` պապա, դե արի աղոթի, որ քնենք: Գնում եմ: Հիշում եմ, որ տարիներ առաջ աղջկաս համար բացահայտում էր, որ իր հայրը քահանա է: Իր մանկական թլոշ լեզվով հարցրեց` պապա, դու հիմա համ տեր հա՞յր ես, համ պապա՞, բա ուրիշներինը մենակ պապա են:

***
Քարոզի կերպը, մարդկանց հետ շփումը, օրվա խորհուրդը ինչ-որ կերպ հասու դարձնելը յուրաքանչյուր հոգևոր սպասավորի մոտ տարբեր է, և մարդն ինքն է ընտրում, թե իր հարցով ում դիմի` ավելի ավա՞գ, թե երիտասարդ քահանայի: Ինչպես որ կարող ես գնել հայկական լավաշ կամ ֆրանսիական բագետ:
Նախընտրում եմ 30-ականների ջազը: Հիմիկվա ջազը մի քիչ ուրիշ է` «պղնձաժխորային» է: Ընդհանրապես, ամերիկյան երաժշտություն եմ սիրում` Լուի Արմսթրոնգ, Սինատրա… Եթե ճանապարհին եմ, մեքենայիս մեջ հաուս կարող եմ լսել, որովհետև սթափեցնող է: Դասական էլ եմ շատ սիրում: 20 տարեկան էի, երբ Սևանի ճեմարանում տեսուչն ինձ պատժեց: Պատիժն այն էր, որ իմ անկարգության համար ինձ չթողեցին տուն գնամ: Երբ տղաները գնացին, բոլոր կասետներն իրենց հետ տարել էին, մնացել էր մեկը` դասականի ձայնագրություններով: Եվ ես այլընտրանք չունեի: Պատկերացնո՞ւմ եք, 20 տարեկան երիտասարդին Սևանի ափին` Մոցարտ, Վիվալդի լսելիս: Վատ պատիժ չէր:

***
Մա՛րդ եղիր. երբ դու վազքի մեջ ես, մոռանում ես ամեն տեսակի սրբություն ու դադարում ես մարդ լինելուց: Դու մոռանում ես, որ դիմացինիդ մեջ թաքնված է Աստված: Առակաց գրքում մի շատ հրաշալի տող կա` աղքատը հարուստին հանդիպեց, երկուսին էլ Տերն այցելեց: Այսինքն` և՛ աղքատի անձի մեջ, և՛ հարուստի անձի մեջ Տերն է: Ռուս սրբերից մեկն էլ շատ լավ խոսք է ասել` ով իր եղբորը տեսավ, նա Աստծուն տեսավ: Այսինքն, մենք երբեմն Աստծուն փնտրում ենք ինչ-որ քարե տաճարներում, խորհրդավորության մեջ, հին վանքերում` մոռանալով, որ այդ Աստվածը մեր դիմացինի մեջ է: Եվ ինքը` Քրիստոսն ասեց` արքայությունը ձեր մեջ է, ձեր ներսում, այնտեղ փնտրեք արքայությունը: 

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով